Ապրիլի 30-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային հեռուստաընկերության լուրերի լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի ու Լիանա Կարապետյանի հայցը՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի առաջին նախապատրաստական դատական նիստը։
Նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել։ Սակայն ներկայացել էր հեռուստաընկերության ներկայացուցիչ, որը ներգրավվեց որպես երրորդ կողմ։
Դատական նիստի ժամանակ պարզվեց, որ պատասխանող կողմը ոչ միայն չի ներկայացրել հայցադիմումի պատասխանը, այլև չի ներկայացրել դատարանի պահանջով ապացույց հանդիսացող հավելվածները, որոնց վերաբերյալ դեռևս այս տարվա փետրվարի 22-ին դատարանն արդեն որոշում էր կայացրել։
Սրանից ելնելով, դատավոր Սամվել Հովակիմյանն ասաց, որ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները։
«Պատասխանողի կողմից չի ներկայացվել համապատասխան ինչպես գրավոր առարկությունները, հայցադիմումի պատասխանը, այնպես էլ չի ներկայացրել իր տիրապետման տակ գտնվող փաստաթղթերը։ Հետևաբար դատարանը գտնում է, որ որոշումն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում սույն գործով պատասխանողը պետք է դատարանին ներկայացնի 2018 թվականի համար 46-L որոշումը ընդունելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը, ինչպես նաև համապատասխան համար 1, համար 2 հավելվածի պատճենները։ Դատարանի որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ։ Չկատարելու դեպքում ենթակա է կատարման՝ Հարկադիր կատարման ծառայության միջոցով»,- ասաց դատավորը։
Նիստից հետո զրուցեցինք լրագրողների շահերի պաշտպան Վարդան Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ խոսքն այն որոշման մասին, որով փոխվելու է Հանրային հեռուստաընկերության հաստիքացուցակը։
«Փոփոխության արդյունքում Լիանա Կարապետյանը և Սիրանույշ Մուրադյանը դուրս են մնացել հաստիքացուցակից և նրանց աշխատանքային պայմանագրերը պետք է լուծվեն։ Դրա մասին նշված է ծանուցման մեջ։ Նրանք ծանուցվել են, որ համաձայն այդ որոշման նրանց աշխատանքային պայմանագրերը լուծվում են, սակայն որոշմանը կցված չի եղել դրանց հավելվածները։ Այսինքն՝ հաստիքացուցակները, թե ով կա, ով չկա, ով է դուրս մնում։ Այդ ցուցակը մենք չունենք, դա մեզ չի տրվել։ Մենք եզրակացնում ենք, որ այդ հաստիքացուցկում նրանց անունները հին հաստիքացուցակի հետ համեմատած՝ չկան»,- ասաց Վարդան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իրենք սկզբից փորձեցին պահանջել, որպեսզի տրամադրվեն, սակայն մերժել են՝ ասելով, որ հավելվածները տրամադրել չեն կարող։
Իսկ երկրորդ փորձն այն էր, որ հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանն ինքը պահանջի այդ ապացույցը։