ՀՀ Գլխավոր դատախազությունը 2018 թ. թվային ցուցանիշների աճ գրանցած հանցագործությունների պատիժները խստացնելու օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել Արդարադատության նախարարություն:
Այս մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Երկու հանցատեսակներ կան, որոնցով 2018թ. ունեցել ենք վատ արդյունքներ, և այս առումով մեր ուժերը կենտրոնացնելու անհրաժեշտություն ենք տեսել: Դրանցից մեկը հափշտակությունների, և հատկապես` բնակարանային գողությունների աճն է, որը 2018թ. համեմատությամբ շուրջ 60%-ով աճ է գրանցել, մյուսը` ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների դեպքերն են, որոնք շուրջ 30%-ի աճ են գրանցել, իսկ առավել մտահոգիչը` մահվան ելքով այս հանցագործություններն են, որոնք ևս 25%-ով աճ են արձանագրել: Մենք ներկայացրել ենք արդեն Արդարադատության նախարարությանն օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտ փաթեթ, որով ակնկալվում է խստացնել այս հանցագործությունների պատիժները, ինչպես նաև պատժի կրման ընթացքը և պատժից ազատման համապատասխան մեխանիզմները»,- ասաց Դավթյանը:
Արթուր Դավթյանը նշեց, որ հնարավոր բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն այս երկու հանցագործությունների կանխարգելման համար: