Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրով Հայաստան մուտքի թույլտվություն տալու վերաբերյալ հնարավոր որոշումը քաղաքացիների մի հատվածի մոտ մտահոգություններ է առաջացրել: Սոցիալական ցանցերում այս թեմայով քննարկումների մասնակիցները մտավախություն ունեն, թե «ով ասես կլցվի մեր երկիր, ու բեսպրեդել»:
Մասնավորապես քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատել էր. «Այսպես միայն այլահպատակները կարող են ձեռ առնել մեր երկրին: Ուրեմն՝ ՌԴ քաղաքացիները, հասկանանք՝ նրանց թվում և ադրբեջանցի, կարող են առանց լուրջ անձնագրի, մի թղթի կտորով գալ Հայաստան, վարչապետի ասած՝ տուրիզմի, ու սա՝ միայն միակողմանի»:
Հիշեցնենք՝ այդ որոշման մասին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպման ժամանակ: Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, վարչապետ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը:
Ռուսական տարբեր աղբյուրների համաձայն, երկրի բնակչության շատ քիչ մասը ունի արտասահմանյան անձնագիր:
Մասնավորապես, 2014-ին «Российская Газета»-ն հրապարակել է սոցիոլագիական հարցման տվյալներ, որոնց համաձայն, հարցվածների 28 տոկոսն է, որ ունեցել են արտասահմանյան անձնագրեր: Արտասահման մեկնելու համար անհրաժեշտ փաստաթուղթը, ըստ նույն տվյալների, չունեներկրի 45 շրջաններից հարցված 1603 քաղաքացիներից 72 տոկոսը:
Ըստ նույն աղբյուրի, արտասահմանյան անձնագիր ունեն հիմնականում ձեռնարկատերերը՝ 66 տոկոս, ղեկավարներն ու կառավարիչները՝ 49 տոկոս, մասնագետները՝ 48 տոկոս:
Ավելի թարմ տվյալ հաջողվեց գտնել «the-village.ru»-ում, որտեղ նշվում է, որ այս առումով 2014-ին հրապարակված տվյալները գրեթե չեն փոխվել. ճանապարհորդությունների համար արտասահմանյան անձնագիր ունեն հարցված ռուսների 28 տոկոսը:
Ըստ նույն աղբյուրի, հարցվածների 59 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի հանգստացել ԽՍՀՄ անդամ նախկին պետություններում: Նույն աղբյուրը նշում է, որ առավել հաճախ այդ փաստը դժգոհություններ է առաջացնում միջին խավի մոտ: Հարցվածների 9 տոկոսն է ասել, որ հանգստանում է տարվա մեջ մեկ-երկու անգամ:
Այդուհանդերձ, Ռուսաստանի ներքին անձնագիր ունեցող քաղաքացիներին Հայաստան մուտք գործելու հնարավորություն տալու մասին որոշումը երկար ժամանակ է (դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ-հեղ.)՝ քննարկվում է կառավարության «կուլիսներում»: Որոշման նախագծի վրա վերջին շտրիխներն են արվում, և այն շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը:
ՀՀ կառավարությանն առնթեր միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նույնպես աշխատել է այդ որոշման վրա և Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն «զգալիորեն կթեթևացնի մարդկանց կյանքը»:
Նրա խոսքով, Ռուսաստանում քչերն ունեն արտասահմանյան անձնագիր և հիմնականում այդ պատճառով էլ չեն կարողանում ճանապարհորդել:
«Հավանաբար այդ փաստաթուղթը ստանալու ընթացակարգը դժվար է: Եվ Հայաստանի կառավարության կողմից ընդունվելիք այդ մասին որոշումը զգալիորեն կթեթևացնի մարդկանց կյանքը, քանի որ կլինեն շատերը, ովքեր կցանկանան գալ Հայաստան: Նույնիսկ կարող են լինել հայեր, ովքեր կդժվարանան գալ Հայաստան և դա բավական կհեշտացնի», – մեզ հետ զրույցում ասաց Եգանյանը:
Համապատասխան որոշման ընդունմանը զուգահեռ, ըստ Եգանյանի, նախատեսվում է, որ սահմանային անցակետերում ծրագրային թարմացումներ կատարվեն, որպեսզի արդեն գոյություն ունեցող սարքավորումները ճանաչեն նաև ՌԴ ներքին անձնագիրը:
Եգանյանը հասարակության մի մասի մոտ եղած մտավախություններն անտեղի է համարում և դրանց անդրադառնալ անհրաժեշտ չի համարում: «Մարդիկ են, ցանկություն ունեն գալ մեր երկիր, պետք է արգելե՞լ», -նկատեց Եգանյանը:
Նա տեղեկացրեց, որ այդպիսի որոշման ընդունման համար անհրաժեշտ է երկկողմանի համաձայնություն, այսինքն՝ նաև ՌԴ ԱԳՆ-ի համաձայնությունը, և ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է այդ ուղղությամբ: