«Քոչարյանի բոլոր եկամուտների վրա կալանք է դրված՝ բացի թոշակից». Քոչարյանի փաստաբան
Advertisement 1000 x 90

«Քոչարյանի բոլոր եկամուտների վրա կալանք է դրված՝ բացի թոշակից». Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակովի պողոտայում գտվող առանձնատան ու հարակից երկու հողակտորների վրա կալանք է դրված։ Այս մասին մայիսի 3–ին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը: Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն ունի գույքը գնահատելու պարտականություն, որը, սակայն, չի արվել։ «Քոչարյանի բոլոր եկամուտների վրա կալանք է դրված՝ բացի թոշակից: Վարույթն իրականացնող մարմինը չի գնահատել գույքի չափը, դրա համար ես բոլոր այդ պատճառաբանությունները համարում եմ ձևական։ Եթե իրենք իրոք նպատակ ունեին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նպատակին ծառայեցնել իրենց գործողությունները, գույքը պարտադիր պետք է գնահատվեր»,–նշեց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացվել է հուլիսի 30-ին։

«Մենք խնդրել ենք դատարանին՝ ոչ իրավաչափ ճանաչել նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունները»,–ասաց Խուդոյանը։

Հարցին, թե եթե Քոչարյանի ողջ գույքի վրա կալանք է դրված, ապա փաստաբաններին ինչպես են վճարում, Խուդոյանն ասաց. «Դրա վերաբերյալ մենք քննիչին ներկայացրել ենք միջնորդություն: Քննիչին խնդրել ենք դրամական միջոցները ազատել կալանքից, որ պարոն Քոչարյանը ինքը իր միջոցներով հնարավորություն ունենա այդ ծախսերը ինքը հոգալ: Բայց քննիչը նշված միջնորդությունը մերժել է նույն ստանդարտ պատճառաբանությամբ»:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի կալանքի վերացման միջնորդության քննությունը հետաձգվել է: Հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին:

mamul.am