Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց, բացի Արմավիրի մարզի Տարոնիկ և Ակնալիճ համայնքներից, մեկնարկել է նաև ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս, Հայթաղ, Գրիբոյեդով, Արտիմետ, Պտղունք, Ծաղկալանջ, Մեծամոր, Վաղարշապատ (էջմիածին) համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Դիլիջան համայնքում: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանը ի պատասխան նշել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Նախարարությունը մանրամասներ է ներկայացրել նաև ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերած հողատարածքի վերաբերյալ իրականացվող գործընթացներից:
««Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ին պատկանող 329, 69 հա տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու վերաբերյալ լիազորված փաստաբանի դիմումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարին’ նվիրաբերության գործընթացը օրենքով սահմանված կարգով կազմակերպելու նպատակով, ով իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նվիրաբերության նախաձեռնությանը: Այդուհանդերձ, նշենք, որ գույքը համայնքին նվիրաբերելու ցանկություն հայտնած լիազորված անձի կողմից այդ ուղղությամբ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, որևէ նախաձեռնություն այլևս չի ցուցաբերվել»,-նշված է պատասխանի մեջ:
Անդրադառնալով հարցին՝ վերադարձման գործընթացն ի՞նչ մեխանիզմով է արվելու, եթե փաստացի համարվում են գույքի օրինական ձեռք բերող և պատշաճ հարկերը վճարել են, նախարարությունից պատասխանել են. «Ինչ վերաբերում է վերադարձման գործընթացի մեխանիզմներին, ապա ՀՀ ՏԿԶ նախարարությունը պատրաստվում է ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու մասին»:
Tert.am-ը նախարարությունից նաև հետաքրքրվել էր, թե կան խոշոր այլ հողատերեր, նախկին պաշտոնյաններ, նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնց գույքի ձեռքբերման հետ կապված կան խնդիրներ, և նախաձեռնվելու է դրանց վերադարձման գործընթաց:
«Նախարարության կողմից տարբեր համայնքներում համայնքային սեփականություն հանդիսացած հողի և գույքի ձեռքբերման օրինականության առնչությամբ ուսումնասիրությունները դեռևս ընթացքի մեջ են»,-նշված է նախարարության կողմից տրվող պատասխանի մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից նշել էին, որ սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքի պետությանը վերադարձնելու գործընթաց, ինչին ի պատասխան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ընդգծել էր, որ Գրիգորյանները համարվում են գույքի օրինական ձեռքբերող:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված երկու հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության և զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման համար։ Գրիգորյանը դատարանի որոշմամբ կալանավորված է, գործի նախաքննությունը շարունակվում է։