Նորությունների, մեկնաբանությունների և վերլուծությունների անկախ լրատվամիջոց «The Armenite»-ը հոդված է հրապարակել «Atlantic Council-ի ապաշնորհ մասնաճյուղերը հարձակվում են հայկական տեղական մամուլի վրա» վերնագրով, որով անդրադարձ է կատարել մայիսի 3-ին և 4-ին հայկական լրատվամիջոցներում տարածվող Atlantic Council-ի DFRLab-ի վերլուծությանը։
Հրապարակման ամբողջական թարգմանությունը ներկայացված է ստորև։
«The Armenite». Atlantic Council-ի նոր մասնաճյուղի կողմից երեկ հրապարակվեց անհավանական կոպիտ երկմասանի լրագրողական աշխատանք՝ ուղղված հայկական որոշ տեղական լրատվամիջոցները պարսավելուն: Այն հերթական օրինակն էր արդեն սովորական դարձած ոտնձգության, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը քննադատող լրատվամիջոցների և անհատների դեմ: Նրանց «Թվային դատաբժշկական և հետազոտական լաբորատորիա» կայքը լրագրողներին ներկայացնում է իբրև «թվային Շերլոկներ», սակայն վերոնշյալ աշխատանքը կստիպեր հենց իրենց իսկ անվանադիր-խուզարկուին ամոթից գետինը անցնել:
Այս համատեքստում նշենք, որ Ատլանտյան Խորհրդի անդամների կազմի մեջ են մտնում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, ով ԱՄՆ Պետդեպարտամենտում ծառայելուց հետո ամոթալի կերպով դարձավ թուրքական և ադրբեջանական կողմերի ջատագովը, և Հայոց ցեղասպանությունը ժխտող Բրենթ Սքոուքրոֆթը:
Թեև հոդվածների երկարությունը, նկարներն ու գծապատկերները ենթադրում են, որ կատարվել է լուրջ դատաբժշկական ուսումնասիրություն՝ արժանի «Թվային դատաբժշկական և հետազոտական լաբորատորիա» (բարձրագույն) կոչմանը, իրականությունն այն է, որ տրամադրված տեղեկատվության մեծ մասը անորոշ դիտարկումներ են այն մասին, որ մեկից ավելի կայքեր կամ անհատներ տեղադրել են նման բովանդակությամբ նյութեր, չհիմնավորված ենթադրություններ առ այն, որ նշյալ լրատվամիջոցները կապ ունեն Ռուսաստանի հետ, թե ինչ կապ դա կարող է ունենալ այս գործի հետ, և որ այդ մամուլը տարածում է մոլորեցուցիչ և կեղծ տեղեկատվություն իրենց նյութերի սուբյեկտների մասին:
Ամենից մտահոգիչ է այն, որ առատորեն ֆինանսավորվող օտարերկրյա կազմակերպությունը հարձակվում է այն հայկական տեղական լրատվամիջոցների և անհատների վրա, ովքեր աշխատում են լույս սփռել հայ ներկայիս իշխանավորների, այդ թվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախ ստահոդ և անազնիվ հայտարարությունների վրա: Նրանց գործունեությունը, հավաբանար, համաձայնեցված է առնվազն մեկ օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող լրատվամիջոցի և Հայաստանում ապրող այն անհատների հետ, ում ապրուստի միջոցը օտարերկրյա աղբյուրների տրամադրած դրամաշնորհներն են:
Նպատակաուղղված անազնվություն, թե պարզ անտեղյակություն
Այս հոդվածի համար, որ լուսաբանում է ենթադրաբար ոչ վստահելի տեղեկատվություն, հեղինակը՝ Զարինե Խարազյանը, թարգմանում է «Ադեկվադի»՝ հայկական լրատվամիջոցներից մեկի կարգախոսը այսպես. «ԱԴԵԿՎԱԴ` այն, ինչի մասին լռում է Ազատությունը»: Խնդիրն այն է, որ կարգախոսում նշված «Ազատությունը», իրականում, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի անունն է, և ոչ թե ազատություն փոքրատառ ա – ով, ինչպես կարելի է ենթադրել այդ թարգմանության համատեքստից դուրս:
Այսպիսով՝ Խարազյանը կա՛մ ուղղակիորեն խաբում է ընթերցողներին, կա՛մ այդքան անտարբեր է այս փաստի նկատմամբ, որի մասին տեղյակ է ցանկացած մարդ, ով թեկուզ հեռվից ծանոթ է Հայաստանի ներքին գործերին, և հետևաբար մեծ սխալ է թույլ տալիս, որն էլ գունազարդում է իր հոդվածի շարունակությունը: Վերջին դիտարկումը առանձնապես արտառոց չէ, քանի որ Խարազյանի թվիթերյան օգտահաշիվը, բացի նրա հայ լինելը նշելուց, որևէ կերպ չի մատնանշում այն, որ հեղինակը հետաքրքրված է Հայաստանի ներքին գործերով:
«Ազատությունը» (ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը, ոչ թե գաղափարը) չկարողացավ ներել հեղինակի դեմ արված քննադատությունները և հրապարակեց լայնածավալ մի հոդված, որը լուսաբանում էր «Թվային դատաբժշկական և հետազոտական լաբորատորիայի» (ԹԴՀԼ) գործունեության մանրամասները: Սա զարմանալի չէր, քանի որ Հայաստանում ընդդիմության շատ ներկայացուցիչներ ծաղրում են «Ազատությանը» որպես Փաշինյանի խոսափող այնպիսի դեպքերի համար, ինչպիսիք են անցյալ տարի իր ցույցերի գրեթե 24-ժամյա լուսաբանումը և ուղիղ եթերով վերջերս հեռարձակված հարցազրույցից առաջ Փաշինյանի դստերը հարցերի տրամադրումը:
Ավելի քան երկու շաբաթ առաջ, երբ Երևանի կենտրոնում ձերբակալվեցին «#ՍուտՆիկոլ» շարժման ղեկավարները, որոնց մասին էլ է խոսվում ԹԴՀԼ-ի հոդվածում, «Ազատությունը» չէր համարել այդ դեպքը լուսաբանման արժանի: Այնուամենայնիվ, ԹԴՀԼ-ի անգլերեն հոդվածից ժամեր անց, «Ազատության» կայքում հայտնվեց լայնածավալ հայերեն հոդվածը:
Պետք է նշել, որ քննարկվող անհատները և լրատվամիջոցները խիստ քննադատաբար են վերաբերում Հայաստանի նոր իշխանավորների «անցած ճանապարհին», որոնցից շատերը աշխատում էին ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների համար), որոնք ֆինանսավորվում են միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից: Այս մասին չի հիշատակվում ԹԴՀԼ-ի հոդվածում:
Հաշվի առնելով քննադատողների՝ Սորոսի և նրա նախկին աշխատակիցների մասին անընդհատ խոսելու հակումը՝ հարկ է նշել, որ հոդվածի համահեղինակներից մեկը՝ Յուլիա Ռեշիտկոն, աշխատում է «Չեսնո» ուկրաինական կազմակերպությունում, որը ֆինանսավորվում է Սորոսի «Միջազգային Վերածնունդ» հիմնադրամի, ինչպես նաև մի շարք օտարերկրյա կառավարությունների կողմից: Քանի որ հոդվածում չի խոսվում այն մասին, թե ինչ դեր է կատարել Յուլիան հայկական ԶԼՄ-ների և անհատների (որոնք գրում և խոսում են գրեթե բացառապես հայերեն լեզվով) մասին հոդվածի աշխատանքներում, ապա դժվար է հստակ եզրակացություն անելը: Բայց քանի որ ԹԴՀԼ-ն որևէ խնդիր չէր տեսնում Յուլիայի դեպքում շահերի հնարավոր բախման մասին խոսելու, կարծում ենք, որ դա պետք է անենք մենք:
Լարվածություն ռուսական կողմի հետ կապի ուղղությամբ
Զարմանալի չէ, որ հոդվածը ծանրաբեռնված է Atlantic Council-ին հատուկ նույն հակառուսական պարանոյայով: Իրականում հոդվածի մյուս համահեղինակի՝ Էտո Բուզիաշվիլիի թվիթերյան գրառումները կարելի է ընթերցել որպես հակառուսական տրամադրությունների ճշգրիտ համառոտագրություն:
Չնայած հոդվածը մոռանում է նշել, թե ինչ է նշանակում «ռուսական կողմի հետ կապ» արտահայտությունը հոդվածի համատեքստում, նման կապի ապացույցների քանակը հետևյալն էր. «Հանրային Whois ռեգիստրում կայքի դոմեյնի որոնումից պարզ դարձավ, որ IP հասցեի գտնվելու վայրը Սանկտ Պետերբուրգն է»: Այսքանով ամեն ինչ ասված է:
Չնայած Խարազիանը փորձում է շարժվել այս դրույթի տրամաբանությամբ, ասելով, որ «ԹԴՀԼ-ն գտել է նաև ապացույցներ, որ AntiFake.am-ի կայքը կարող է փոխկապակցված լինել Ռուսաստանում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ», նա ընթերցողին չի տրամադրում որևէ փաստ այդպես կարծելու համար:
Ամբողջությամբ՝ antifake.am