
Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և բնակիչների հետ միասին ծառեր են տնկել Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգվող հանգստի գոտին ծառատունկի ժամանակ համալրվել է նոր տնկիներով:
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է համաքաղաքային ծառատունկերին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ նկատելով, որ վերջին տարիներին ավելի մեծ թվով բնակիչներ են մասնակցում նախաձեռնությանը: