Հրանուշ Խառատյան. «Սրա համար պատժել է պետք երեվանակենտրոն իշխանություններին»
Advertisement 1000 x 90

Հրանուշ Խառատյան. «Սրա համար պատժել է պետք երեվանակենտրոն իշխանություններին»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի էջից. «Չգիտեմ ինչ հիմքի վրա է կառուցվում Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման փաստարկը: Երեկ կարդացի քաղաքապետարանի ավագանու անդամներից մեկի հավանություն տվող գրառումը՝ թե բա ինքս եմ տեսել՝ շատ են աշխատում, մինչև ուշ երեկո քաղաքապետարանում «վազվզում են», հոգնում են: «Շատ աշխատել» հասկացությունն ինքը անհասկանալի փաստարկ է: «Շատ»-ը ժամանա՞կ է, օբյեկտիվ աշխատածավա՞լ է, աշխատանքի վատ կազմակերպման հետևա՞նք է, թե՞ աշխատանքի արդյունավետեության գնահատական է: Սրանք բոլորն էլ կարող են աշխատանքի գնահատման փաստարկներ լինել: Ժամանակի ավելորդ վատնումով «շատ աշխատելը» կարող է նաև բացասական գնահատվել:

Եթե երկրում սուբյեկտիվ՝ տարածքային կառավարման քաղաքականության պատճառով զարգացման անհամամասնություն է, որի հետևանքով Երևան քաղաքի բյուջեն անհամեմատ հարուստ է Հայաստանի մնացած բոլոր բնակավայրերի բյուջեներից՝ դա Երևանի քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքի հետևանք չէ: Դա մեր երկրի ողբերգությունն է, որ իշխանություններն այդպես էլ լուծումներ չեն գտնում տարածքային զարգացման կառավարումը որևէ ընդունելի համամասնելի վիճակի բերեն: Պատկերացնենք մի պահ, որ Երևանում առկա պետական բուհերը գտնվեին Վանաձորում, Գյումրիում, Գորիսում, Բերդում՝ ուսանողներին սպասարկող սրճարաններով, վարձով տրվող բնակարաններով, տրանսպորտով, գրադարաններով, կլինիկաներով, բենզակայաններով ևլն՝ ինչքան կավելանային այդ քաղաքների եկամուտները և ինչքան կպակասեր Երևանի քաղաքային բյուջեն: Ամեն ինչ արվում է Երևանում, Երևանի համար և Երևանը «քամում է» մարզերի հյութերը՝ մարդկանց, գիտելիքը, նյութական ռեսուրսները… Սրա համար պատժել է պետք երեվանակենտրոն իշխանություններին, ոչ թե պարգևատրել Երևանի քաղաքապետարանին, որում իր աշխատանքի արդյունավետությունից անկախ կուտակվում են քաղաքային եկամուտները: «Շատ են աշխատում» շատ մարդիկ, բայց նրանց եկամուտները չեն գնահատվում ծախսված աշխատաժամանակով»:



Նման նյութեր