Հայաստանն ու Չիլին դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը: Տվյալ համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկվել; է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:
Արտաքին գործերի նախարարության հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Հայ-չիլիական հարաբերությունները վերջին տարիներին համաչափ և բնականոն հունով զարգացում են ապրել: 2014 թվականին Չիլիի Հանրապետություն պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, որի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: 2015թ. ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
2016թ. մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունեց բանաձև, որը դատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիան և կոչ անում դադարեցնել այն:
Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները ներկայումս շարունակում են զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չիլիի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատման արդյունքում Չիլիի Հանրապետության հետ հարաբերություններում ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում»:
Հաշվի առնելով վերոգրյալը, ԱԳՆ-ն 2018 թվականի ապրիլի 27-ին ստորագրված համաձայնագրի հաստատումը ՀՀ վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է։