«Սրա համար պատժել է պետք երևանակենտրոն իշխանություններին, ոչ թե պարգևատրել Երևանի քաղաքապետարանին». Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

«Սրա համար պատժել է պետք երևանակենտրոն իշխանություններին, ոչ թե պարգևատրել Երևանի քաղաքապետարանին». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ` ինչ հիմքի վրա է կառուցվում Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման փաստարկը: Երեկ կարդացի քաղաքապետարանի ավագանու անդամներից մեկի հավանություն տվող գրառումը՝ թե բա ինքս եմ տեսել՝ շատ են աշխատում, մինչև ուշ երեկո քաղաքապետարանում «վազվզում են», հոգնում են: «Շատ աշխատել» հասկացությունն ինքն անհասկանալի փաստարկ է: «Շատ»-ը ժամանա՞կ է, օբյեկտիվ աշխատածավա՞լ է, աշխատանքի վատ կազմակերպման հետևա՞նք է, թե՞ աշխատանքի արդյունավետեության գնահատականն է:

Սրանք բոլորն էլ կարող են աշխատանքի գնահատման փաստարկներ լինել: Ժամանակի ավելորդ վատնումով «շատ աշխատելը» կարող է նաև բացասական գնահատվել: Եթե երկրում սուբյեկտիվ՝ տարածքային կառավարման քաղաքականության պատճառով զարգացման անհամամասնություն է, որի հետևանքով Երևան քաղաքի բյուջեն անհամեմատ հարուստ է Հայաստանի մնացած բոլոր բնակավայրերի բյուջեներից՝ դա Երևանի քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքի հետևանք չէ:

Դա մեր երկրի ողբերգությունն է, որ իշխանություններն այդպես էլ լուծումներ չեն գտնում տարածքային զարգացման կառավարումը որևէ ընդունելի համամասնելի վիճակի բերեն:

Պատկերացնենք մի պահ, որ Երևանում առկա պետական բուհերը գտնվեին Վանաձորում, Գյումրիում, Գորիսում, Բերդում՝ ուսանողներին սպասարկող սրճարաններով, վարձով տրվող բնակարաններով, տրանսպորտով, գրադարաններով, կլինիկաներով, բենզակայաններով և այլն՝ ինչքան կավելանային այդ քաղաքների եկամուտները և ինչքան կպակասեր Երևանի քաղաքային բյուջեն: Ամեն ինչ արվում է Երևանում, Երևանի համար և Երևանը «քամում է» մարզերի հյութերը՝ մարդկանց, գիտելիքը, նյութական ռեսուրսները…

Սրա համար պատժել է պետք երևանակենտրոն իշխանություններին, ոչ թե պարգևատրել Երևանի քաղաքապետարանին, որում իր աշխատանքի արդյունավետությունից անկախ կուտակվում են քաղաքային եկամուտները: «Շատ են աշխատում» շատ մարդիկ, բայց նրանց եկամուտները չեն գնահատվում ծախսված աշխատաժամանակով»:



Նման նյութեր