Google ամերիկյան կորպորացիայի աշխատակիցները մայիսի 7-ին Մաունթին-Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) անցկացված մամուլի ասուլիսում ներկայացրել են այն մի շարք նոր գործառույթները, որոնք կստանան նրա որոնողական համակարգը, Էլեկտրոնային օգնականը, ինչպես նաև մի քանի հավելվածներ: Միջոցառման հեռարձակումն իրականացվել է YouTube պորտալում: Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային հայտնել է, որ այս տարի ավելի ուշ փոփոխվելու է այն համակարգը, որով որոնում իրականացնելիս տեղեկատվություն է տրվում տարբեր թեմաների վերաբերյալ:
Օգտատերին կառաջարկվի ծանոթանալ այն նորությունների հրապարակումներին, որոնք վերաբերում են որոնման առարկային, ինչպես նաև դրա հետ կապված իրադարձությունների ամփոփագրին՝ ժամանակագրական կարգով: Ընկերության ներկայացուցիչները նաև նշել են, որ տարբեր թեմաների որոնման արդյունքների թվում կտրվեն, մասնավորապես, եռաչափ պատկերներ: Մամուլի ասուլիսում նաև պատմել են այն նոր գործառույթների մասին, որոնք ներդրվելու են Google Lens հավելվածում: Ծրագիրը թույլ կտա, օրինակ, սմարթֆոնի խցիկի վրա բերել անծանոթ ռեստորանի ճաշացանկը և անմիջապես իմանալ, թե հաստատության ճաշատեսակներից որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում, ինչ տեսք ունեն դրանք, ինչ արձագանքներ են թողնում մարդիկ դրանց վերաբերյալ:
Հավելվածը նաև կօգնի որոշել, թե ինչ գումար է հարմար թողնել որպես թեյավճար, սմարթֆոնի խցիկի վրա հայտնված տեքստը թարգմանել օտար լեզվով, ինչպես նաև իմանալ այս կամ այն նկարի հեղինակին:
Google-ի ներկայացուցիչները հավաստիացրել են նաև, որ Google Assistant հավելվածն անհամեմատ ավելի արագ է աշխատելու, քան առաջ: Վիրտուալ օգնականի օգնությամբ նաև ավելի դյուրին կլինի, օրինակ, սեղան պատվիրել ռեստորանում: Մամուլի ասուլսիում ներկայացրել են Android օպերացիոն համակարգի նորացված տարբերակը և Pixel 3 սմարթֆոնի երկու բյուջետային մոդելներ: