Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ողողված են «Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի կողմից խաբված մի քանի տասնյակ զբոսաշրջիկների պատմություններով։
«Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանը կալանավորվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Աննա Սահակյանը միլիոնավոր դրամներով գոյություն չունեցող ավիատոմսեր և զբոսաշրջային փաթեթներ էր վաճառել աշխարհի տարբեր ուղղությունների համար։ Այն մասին, որ իրենք խաբվել են, զբոսաշրջիկներից մի քանիսը պարզել էին հենց օդանավակայանում, մյուսները՝ թռիչքից օրեր, անգամ` ժամեր առաջ։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր բաժնում քննվող քրեական գործով պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բնակչուհին՝ ծնված 1995թ., 2018թ. հունվարից մինչև սեպտեմբեր ամիսները, զբաղեցնելով տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, նշված կազմակերպության, ինչպես նաև իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունով ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում և յուրացրել դրանց դիմաց ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 9.610.515 ՀՀ դրամ գումարը»,–ասաց Հարությունյանը:
Բացի այդ, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հանդես գալով որպես մեկ այլ տուրիստական կազմակերպության տնօրեն, ձեռք բերելով արտերկրում հանգիստ անցկացնելու մտադրություն ունեցող երեք քաղաքացու վստահությունը՝ 24-ամյա կինը ծառայություններ մատուցելու շինծու պայմանագրեր է կնքել վերջիններիս հետ, որից հետո ներկայացնելով, թե իբր կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, նշված քաղաքացիներից ստացել և հափշտակել է խոշոր չափերով գումարներ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի 24-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ համացանցում տարածվեցին Աննա Սահակյանից տուժած ուղևորների պատմությունները, նրա նախկին գործատու «Yerevan Travel» ընկերությունը գրառում կատարեց Facebook սոցիալական ցանցում՝ բացահայտելով, որ նախկին աշխատակցուհու դեմ իրենք արդեն ամիսներ առաջ են դատական հայց ներկայացրել․ ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությանը հասցված վնասի չափը մոտ 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ է։