Նիստի ժամանակ դատավորը պետք է անդրադառնա Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու–չխոսելու հարցին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 14։00-ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի դատավարությանը։ Նիստի ժամանակ դատավորը պետք է անդրադառնա Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու–չխոսելու հարցին։ Ենթադրում եմ, որ Քոչարյանը նաև ելույթ կունենա»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1»-ի քրեական գործով նոր դատավոր է նշանակվել Դավիթ Գրիգորյանը, այն բանից հետո, երբ նախորդ դատավորը՝ Վարդան Գրիգորյանը, ինքնաբացարկ էր հայտնել:
Խուդոյանը նշեց, որ իրենք վստահություն չունենք, որ այս դատավորն էլ չի հրաժարվելու գործից։ Նա նշեց նաև, որ եթե Երևանի բոլոր դատավորները հրաժարվեն գործից, մարզից որևէ դատավոր կհրավիրեն։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։
Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։
2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։