Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1992 թվական մայիսի 9-ին հայ ժողովրդի պոռթկումը տվեց իր պտուղը և հիմնադրվեց Արցախի պաշտպանության բանակը։
1988 թվականը դարձավ ազգային պոռթկման նոր փուլի սկիզբը: Փետրվար 1988թ. – 1992թ. մայիս (Կամավորականության պոռթկում և զորակոչային բանակի սաղմնավորում)։
1988-ին սկիզբ առած արցախահայության ազգային-ազատագրական պայքարն իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր Հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ: Անարդարության ճիրաններում հայտնված մի ազգ պոռթկաց` հանուն հալածված ճակատագրի փրկության: Ազդարարվեց բողոք բոլոր նրանց դեմ, ովքեր ճշմարտությունը քողարկեցին պատմական սխալի վարագույրի հետևում:
Շարունակել հապաղել, կնշանակեր արցախահայության դանդաղ մահ ոչ հեռու ապագայում: Տեղի ունեցան հայկական ջարդեր Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում և այլուր: Փախստականների արտահոսք Ադրբեջանից: Օր օրի աճում էր լարվածությունը, որը վտանգի տակ էր դնում մարդկանց կյանքերը։ Բաքուն ցանկանում էր արյան մեջ խեղտել ազատության ճանապարհին դուրս եկած մի ամբողջ ժողովրդի։
Ադրբեջանական կողմը որոշում է հարցը լուծել ուժի լեզվով, հայկական կողմը դիմակայելու համար պետք է կարողանար հրամանատարության գլխավորությամբ պայքարեր։ Սակայն կենտրոնացված բանակ ստեղծելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ չկային:
Այս ամենի արդյունքում ի հայտ եկան առաջին կամավորական ջոկատները։ Դրանք հիմնականում կազմավորվում էին ընկերականության հիման վրա: Յուրաքանչյուր մարտիկ ինքն էր ազատ կերպով ընտրում իր խումբը, հատկապես Ստեփանակերտում: Իսկ գյուղական վայրերում խնբերը ստեղծվում էին ըստ բնակության վայրի, աշխարհագրական հիմունքով:
Այդ օրերին ուժերի արդյունավետ կենտրոնացման նպատակով ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի մարզային շտաբ, որի մեջ մտան բոլոր խմբերի հրամանատարները:
Ամեն օր ծնվում էին նոր հերոսներ, նոր անուններ էին գրվում պատմության մեջ։ Արդեն 1991թ. վերջերին և 1992թ. սկզբներին Արցախի տարածքում կազմավորվել էին 10-ից ավելի դասակներ ու վաշտեր, որոնց մեջ ընդգրկված էր շուրջ հազար կամավորական: Սա թերևս առաջին կարևոր քայլերից մեկն էր կանոնավոր բանակի ստեղծման ճանապարհին։
Այսպես, տարիներ շարունակ կամավորական ջոկատների, հետագայում վաշտերի, դասակների, նոր հրամանատարների և զինվորների ջանքերով ստեղված պաշտպանության բանակի հիմնադրման օրը համարվում է 1992 թվականի մայիսի 9-ը»։