Պացիենտները, որոնց տեսողությունը վատացել էր Avastin-ի ներարկումից հետո, դուրս են գրվել Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից։ Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել է հիվանդանոցի փոխտնօրեն Զարա Մալայանը։
Հիշեցնենք, որ 6 մարդ գրեթե զրկվել է տեսողությունից շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո։ Տուժածների հարազատները պնդում էին, որ պացիենտները դժվարությամբ էին զանազանում լույսը մթից այդ դեղամիջոցի ներարկումից հետո։ Կլինիկայի ղեկավարությունը հայտարարեց այն մասին, որ դեղամիջոցում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, իսկ «Նատալի Ֆարմ» ընկերությունն ասել է, որ Avastin-ը նախատեսված չէ ներաչքային ներարկման համար։
Avastin-ը հակաքաղցկեղային դեղամիջոց է եւ կիրառվում է բացառապես օնկոլոգիական հիվանդությունների (հաստ աղիի, կաթնագեղձի, թոքի, ձվարանի, արգանդի վզիկի քաղցկեղ եւ այլն) բուժման ժամանակ։ Համապատասխան հրահանգը տեղադրված է Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի պաշտոնական կայքում։ Avastin-ի կիրառումն ակնաբույժների կողմից փորձագետները կապում են այն բանի հետ, որ դեղամիջոցի հիմնական ազդող նյութը բեւացիզումաբն է, որի թերապեւտիկ ազդեցությունը նման է ռանիբիզումաբին (առեւտրային անվանումը՝ Լուցենտիս)։ Այն կիրառվում է ակնաբուժության մեջ, բայց գրեթե երեք անգամ թանկ է Avastin-ից։