ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն կարթ, 4 զույգ խաղաթուղթ և 5 դանակ:
Մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, որի մոտից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված 997 հատ դեղահաբ՝ 152 գր ընդհանուր քաշով: Քաղաքացին բանավոր հայտնել է, որ դեղահաբերը «դիմեդրոլ» տեսակի են:
Դեղահաբերն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, լիցքավորման 2 սարք, լիցքավորման սարքի 2 գլխիկ և 1 ականջակալ, իսկ անձնական զննությամբ կալանավորված անձ Բ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացու տաբատի գոտու տակից՝ «PGN 300» գրառմամբ 2 դեղապատիճ:
Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: