Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ առ ոչինչ»: Իբր` անցել է վեց ամիս (՛), և դեռ ոչինչ արված չէ: Եթե այս տեքստն ինչ-որ սկսնակ դիլետանտ գրած լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց Նաիրա Զոհրաբյանի պես փորձառու, ես կասեի՝ կարկառուն գործչի շուրթերից նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում, ամենայն հարգանքով հանդերձ:
Նախընտրական հոլովակում ներկայացվող խնդիրների լուծումը նախատեսվում է տալ ոչ թե վեց ամսում, ինչպես փորձում է մեզ համոզել տիկին Զոհրաբյանը, այլ հինգ տարվա ընթացքում: Այդ լուծումները ճանապարհին են, և տեղ են հասնելու ժամանակին:
Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով: Տրանսպորտի ցանցը պատրաստ է և գտնվում է իմպլեմենտացիայի փուլում, պարբերաբար հանդիպումներ են ընթանում պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ:
Իսկ աղբահանության հարցում, գիտենք, որ ստեղծվել է քաղաքային ենթակայության հիմնարկ (երկրորդ օպերատոր), որը շարունակաբար համալրվում է տեխնիկայով. արդեն ձեռք է բերվել 14 աղբատար, ձնամաքրմամբ ու սանմաքրմամբ զբաղվող մեքենա, ևս շուրջ 20-ը հերթի տակ են:
Վերելակների թարմացման ծրագիրն առաջիկայում կներկայացվի կառավարություն։ Այսպես ամեն ինչ` ըստ հերթականության։ Ամեն դեպքում, քաղաքական փոքրամասնության առարկայական ու բովանդակալից քննադատությունն օգուտ կտար քաղաքին։ Ուզում եմ հուսալ, որ մեր գործընկերները համակարծիք են այս հարցում»։