Ռուբեն Շուխյանի Facebook-յան գրառումը. «Ալեքսանդր Մանթաշյանցի մատուռ-դամբարանը Թիֆլիսում… 1920-ականների լուսանկարում՝ հայ նշանավոր գործարար ու մեծագույն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի և իր կնոջ՝ Թիֆլիսի ճանաչված ընտանիքի դուստր Դարյա Թամամշյանի մատուռ-դամբարանն է Թիֆլիսում: Այն գտնվում էր Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Վանքի հայկական եկեղեցական համալիրի (Պաշավանք) տարածքում:
Ալեքսանդր Մանթաշյանցը մահացավ 1911 թ. Սանկտ Պետերբուրգում, ծանր հիվանդությունից հետո: Այստեղից նրա աճյունը տեղափոխվեց հայրենի քաղաք՝ Թիֆլիս: Գնացքի յուրաքանչյուր կանգառում հավաքված հայազգի բազմությունը ծաղիկներով ու ծաղկեպսակներով իր հարգանքի տուրքն էր մատուցում մեծ բարերարին: Այդ օրերին Ռուսաստանի, Կովկասի, եվրոպական մի շարք քաղաքների հայաշատ գաղութների հայկական եկեղեցիներում տեղի էին ունենում հոգեհանգստի արարողություններ։
Թիֆլիսում հուղարկավորությանը մասնակցում էր 24 քահանաներով և հարյուրավոր պսակներով բազմահազարանոց թափորը: Համաձայն կտակի, Ալեքսանդր Մանթաշյանցի աճյունը ամփոփվեց կնոջ կողքին (նա մահացել էր երկու տարի առաջ)՝ Վանքի եկեղեցական համալիրում իր իսկ կողմից կառուցված մատուռ-դամբարանում։ 1938 թ. այն ժամանակվա Անդրկովկասի տեր ու տիրական Լավրենտի Բերիայի կարգադրությամբ քանդվում և հողին են հավասարեցվում Վանքի եկեղեցական համալիրի շինությունները, Մանթաշյանցի և Տեր-Ղուկասովի դամբարանները, ինչպես նաև Վանքի համալիրի տարածքում թաղված հայ անվանի գործիչների գերեզմանները։ Ներկայումս ողջ համալիրից պահպանվել է միայն առանձին կանգնած զանգակատունը»: