
Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 4–ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ զինծառայողն արդեն սկսել է խոսել, նրա առողջական վիճակում դրական դինամիկան պահպանվում է։
Զինծառայողն այժմ գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: