«Պարզվում է՝ դեռ իջնելու տեղ ունենք»
Advertisement 1000 x 90

«Պարզվում է՝ դեռ իջնելու տեղ ունենք»

Ինձ միշտ հետաքրքրել է՝ մեր իշխանության տնտեսական բլոկի ներկայացուցիչները տնտեսական որոշումներ կայացնելիս ընդհանրապես նայում են, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, ուսումնասիրո՞ւմ են տնտեսական պատմությունը, ինչպես այս կամ այլ պետությունը հաջողության հասել: Եթե այո, ապա ինչո՞ւ չեք հարցնում IMF-ի և WB-ի ձեր «պապաներից»՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԱՄՆ-ն, լինելով ամենալիբերալ պետություններից մեկը, կիրառում է կոշտ պրոտեկցիոնիստական միջոցներ իր ներքին արտադրողներին պաշտպանելու համար, իսկ մենք պետք է վարենք ազատական քաղաքականություն: Ինչու՞ նրանց չեք արձագանքում, ինչպես որ մեր հասարակության պարագայում, որ պրոտեկցիոնիզմը «լավ բան չէ»: Ասեք, կարող է նրանք տեղյակ չեն:

Կարծում եմ, նրանք լավ էլ տեղյակ են, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի, ինչպես նաև այլ նմանատիպ երկրների հանդեպ, կիրառվում են երկակի ստանդարտներ՝ որոշ պետություններին կարելի է այն, ինչն արգելվում է մյուսներին: Մեր տնտեսական բլոկի ղեկավարներն այս ամենը չեն տեսնում և շարունակում են մեր տնտեսությունը տանել այն ճանապարհով, որը մեզ պարտադրվել էր դեռ 90-կանների սկզբին՝ չնչին գրանտերի ու վարկերի դիմաց: Այս մարդիկ պատրաստ են քարուքանդ անել անգամ տնտեսության մնացորդները, միայն թե ցույց տան համաշխարհային հանրությանը, թե ինչ ազատական և ժողովրդավար են նրանք, և գովեստի խոսքերին արժանանան միջազգային կառույցների կողմից` հերթական վարկ (իրականում՝ ողորմություն) ստանալու ակնկալիքով:

Ի՞նչ ներքին արտադրություն, ի՞նչ զբաղվածություն: Կարևորը Doing Business-ում զբաղեցրած հորիզոնականն է: Իսկ այն, որ արտադրություն է կրճատվում, գործազրկությունն աճում է, ինչը շղթայաձև բերում է վճարունակ պահանջարկի անկմանը՝ խթան հանդիսանալով արտադրության էլ ավելի կրճատման (գործում է պարույրի էֆեկտը), ոչ ոքի չի հետաքրքրում: Կասեն. ի՞նչ վատա որ, իրավիճակա փոխվել, Էնա, փողոցում խորոված են ուտում վարչապետի հետ, ե՞րբ եք տենց բան տեսել:

Հ.Գ. Նախորդ իշխանության ժամանակ շատերը կարծում էին, որ մենք հասել ենք հատակին, սրանից վատ էլ չի կարող լինել: Բայց հիմա, երբ մեզ թակում են ներքևից, պարզվում է՝ դեռ իջնելու տեղ ունենք:

Արկադի Կարապետյանի էջից:



Նման նյութեր