ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:
2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11.40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանագ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչուհին՝ ծանր գանգուղեղային տրավմա, արյունահոսող պատռվածք վերք, վերին վերջույթներում ճանկռվածքներ ախտորոշմամբ:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 66-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հավանական ականատեսներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութագիտական, ինչպես նաև՝ դատագենետիկական փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի հետ անմիջական առնչություն ունի տուժած կնոջ ազգականը, ով հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ՝ ծնված 1966 թվականին:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Կապան քաղաքի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող աստիճաններին տղամարդը հանդիպել է 66-ամյա կնոջը, նրանից գումար խնդրել և մերժում ստանալուց հետո, դրամապանակը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, փորձել է այն վերցնել վերջինիս ձեռքից: Հանդիպելով կնոջ դիմադրությանը՝ քաշքշել է նրան, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ նախաբազկի շրջանի ճանկռվածքներ:
Քաշքշուկի հետևանքով կինը, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել աստիճանահարթակին, գլխով հարվածել գետնի անհարթ մակերեսին և ստացել փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչն էլ վերջինիս մահվան պատճառ է դարձել:
Վայր ընկնելուց հետո տղամարդը բացահայտ հափշտակել է կնոջ դրամապանակը, դրա մեջ եղած գումարը և նրան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել:
Նախաքննության ընթացքում անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության, նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցների արդյունքում տղամարդը խոստովանել է իր կողմից առերևույթ կատարված հանցագործության փաստը:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը հաշվառված է «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում` անձի օրգանական խանգարում ախտորոշմամբ: Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
Հափշտակված գողոնը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: