Ալիկ Միրզաբեկյանը և Մովսես Հակոբյանը պնդել են, որ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա՝ իրավիճակին չտիրապետելու համար. aysor.am
Advertisement 1000 x 90

Ալիկ Միրզաբեկյանը և Մովսես Հակոբյանը պնդել են, որ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա՝ իրավիճակին չտիրապետելու համար. aysor.am

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկման շրջանակներում, պաշտպանական կողմն, ի թիվս շատ ցուցմունքների, հրապարակեց նաև ԶՈւ ներկայացուցիչներ Ալիկ Միրզաբեկյանի ու Մովսես Հակոբյանի ցուցմունքներից հատվածներ:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է ՀՀ ռազմական տեսուչ:

Ալիկ Միրզաբեկյանը 2008թ.-ին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա իր ցուցմունքում ասել է՝ իր հիշելով Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 23-ին հայտնի խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հարցրել է՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը: Երբ Հարությունյանը պատասխանել է, թե տեղյակ չէ, Քոչարյանը կշտամբել է նրան՝ «իրավիճակին չտիրապետելու համար»:

«Այնուհետև հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն հայտնեց առ այն, որ ԵԿՄ-ն՝ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, ցանկանում է անցնել ընդդիմության կողմը և խնդիր դրեց՝ եթե որևէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկա գտնվողներից շատերն էին ԵԿՄ անդամ: Այլ բան այդ խորհրդակցությունից չեմ հիշում: Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երևան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: Հիշում եմ, որ ես «0038» հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել՝ ինչու, ինչպես։ Նաև հիշում եմ, որ Մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որևէ հարցում ներգրավված չեմ եղել, և իմ ենթակա ստորաբաժանումները որևէ գործողության չեն խառնվել», – իր ցուցմունքում ասել է Միրզաբեկյանը:

Այնուհետև Ալումյանը հրապարակեց Մովսես Հակոբյանի ցուցմունքից հատվածներ.

«Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության: Այն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա է եղել ՀՀ Զինված ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ՝ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա և նրան ասել, թե այդ ի՞նչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի:

Ռ. Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարել է գնալ ու Մանվել Գրիգորյանին ասել, որ իրերն հավաքի ու … լինի իր տուն: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից: Ընդհանուր խորհրդակցության իմաստն, իմ պատկերացմամբ, կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որպեսզի Զինված ուժերի ողջ անձնակազմն անմիջապես իրենից լսի՝ ինչպես է պատժելու այն զինվորականներին, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին»:

Այս ցուցմունքները ներկայացնելիս ևս Հայկ Ալումյանն ասաց, որ մինչ այժմ խափանման միջոցի հարցը քննած դատարանները դրանց մասին տեղյակ չեն եղել, քանի որ վարույթն իրականացնող մարմինն այս ցուցմունքները պարզապես չի ներկայացրել: Իսկ պաշտպանական կողմի մոտ դրանք հայտնվել են միայն նախաքննության ավարտից հետո:

Ավելի վաղ Aysor.am-ը հրապարակել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալներ Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի ցուցմունքներից հատվածներ, որոնք այսօր ներկայացվել էին դատարանում:

aysor.am