ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը՝ որդու՝ Հայկ Սարգսյանի գործով մայիսի 16-ին հարցաքննվելու էր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:
Սարգսյանն, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքից և ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալն իր որդին է՝ չցանկացավ վկայություն տալ, ինչպես նաև պատասխանել դատարանի հարցերին։
Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակելու՝ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանի կողմից տրված ցուցմունքը։ Պաշտպանական կողմը չառարկեց, և նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն բավարարեց միջնորդությունը։
Որպես վկա՝ դատարանում էր նաև 2007 թվականին հարուցված քրեական գործը քննած քննիչը Խաչատուր Խաչատրյանը։
Քննիչը հայտնեց, որ այն ժամանակ նա չի առնչվել այսօր հայտնի դարձած նոր հանգամանքներին։ Վկայի ցուցմունքից հետո Հայկ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։ Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը եւ որոշեց վկային լրացուցիչ հարցաքննության հրավիրել։ Դահլիճ վերադառնալով՝ Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ գործի մանրամասներն այդքան էլ լավ չի հիշում և որևէ հստակ պատասխան չի կարող տալ։
Վկաների թվում էին նաև տուժող Արթուր Ղևոնդյանի մայրը՝ Լարիսա Առաքելյանը, ով պատմեց դեպքի մասին մանրամասներ և համաձայնեց տվյալներ փոխանցել որդու հետ կապվելու համար, որպեսզի դատարանը կարողանա վերջինիս հարցաքննության հրավիրել։
Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` Դավիթ Սիմոնյանը, հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված` 2018 թվականի հուլիսի 3-ին վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին։ Քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Աշոտի Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղևոնդյանի կողմից, այլև նշված օրը նրա նկատմամբ կատարվել է սպանության փորձ, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Մասնավորապես՝ քննության տվյալներով` Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով:
Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողի ուղղությամբ կրակոցն արձակվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակից, որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «SIG SAUER» տեսակի «P 266» մոդելի ատրճանակը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: