«Կարմիր գծերին» կայանելու և չվճարելու մասին արձանագրությունը պետք է կազմվի կայանողի ներկայությամբ. Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը
Advertisement 1000 x 90

«Կարմիր գծերին» կայանելու և չվճարելու մասին արձանագրությունը պետք է կազմվի կայանողի ներկայությամբ. Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը

Գառնիկ Վերմիշյանը ավտոմեքենան 15 րոպեից ավելի կայանել է Խանջյան փողոցի՝ վճարովի մայթեզրին եւ չի վճարել: Քաղաքապետարանի աշխատակիցը արձանագրություն է կազմել այդ մասին՝ նրա բացակայությամբ եւ Վերմիշյանին ուղարկել վարույթի քննության օրվա եւ ժամի մասին ծանուցում: Ապա նրան վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում են կայացրել՝ դարձյալ նրա բացակայությամբ  եւ նշանակել տույժ` 5000 դրամի չափով։

Այս մասին հայտնում են դատավորների միությունից:

Վերմիշյանը բողոքել է, քաղաքապետարանը որոշումը թողել է անփոփոխ: Նա էլ դիմել է դատարան՝ համարելով, որ խախտվել են իր իրավունքները և ազատությունները։ Դատարանը հայցը մերժել է՝ գտնելով, որ հայցվորի վրա դրված պարտականությունները իրավաչափ են: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը նույնպես բողոքը մերժել է՝ նախորդ ատյանի վճիռը թողնելով անփոփոխ:

Գառնիկ Վերմիշյանի ներկայացուցիչը  վճռաբեկ բողոք է ներկայացրել:  ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել բողոքը, բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որն էական նշանակություն ունի օրենքի միատեսակ կիրառման համար, հետևյալն է. իրավասու մարմինները վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն: Իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել, այդ մասին նշում պետք է կատարվի: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, կարող է շարադրել դրա  շարժառիթները: Բացի այդ, արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն իր իրավունքներն ու պարտականությունները և այդ մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:

Թեև Երևանի ավագանին որոշում է ընդունել, որ արձանագրությունը կարելի է կազմել առանց իրավախախտի մասնակցության և հետո ուղարկել նրան, Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում կիրառելի է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված՝ վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կազմելու և առձեռն վերջինիս հանձնելու կանոնը, քանի որ օրենքը  ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան համայնքի ավագանու որոշումը:

Վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցությունը արձանագրության կազմմանը ձեւական չէ, քանի որ նրան պետք է բացատրեն իր իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի կարողանա  իրացնել դրանք վարույթի ողջ ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը

Թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով 2019 թվականի մարտի 22-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնների, մասնավորապես՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելու նկատմամբ կիրառելի է ոչ թե Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշմամբ սահմանված՝ վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու և հետո վերջինիս ուղարկելու կանոնը, այլ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված՝ վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կազմելու և առձեռն վերջինիս հանձնելու կանոնը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արձանագրության կազմման գործընթացին ենթադրյալ իրավախախտին մասնակից դարձնելու, արձանագրությունը վերջինիս ներկայությամբ կազմելու օրենքի պահանջը ձևական բնույթ չի կրում, քանի որ ենթադրյալ իրավախախտին իր իրավունքներն ու պարտականությունները բացատրելու՝ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում ողջ վարչական վարույթի ընթացքում ենթադրյալ իրավախախտի իրավունքների իրացումն ապահովելու համար: Ավելին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու իմպերատիվ պահանջը նպատակ է հետապնդում նաև ապահովելու վարչական իրավախախտման պատշաճ սուբյեկտի պարզման հնարավորությունը:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնների, մասնավորապես՝ ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ:

iravaban.net