Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայկական մի շարք լրատվամիջոցներ այսօր տարածեցին տեղեկություն, թե Հայաստանը կարողացավ սկզբունքային լինել ու պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան: Նույնիսկ եղան «Հայաստանի զուսպ հաղթանակը» «Հայաստանը չզիջեց» և նման նվաճողական վերնագրեր:
Հիմա, ըստ էության, իրականում ոչ մի հաջողություն մենք չեն գրանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում, քանի որ գործընթացն ընթանում է այնպես, ինչպես պետք է լիներ:
Ըստ կանոնադրության` ՀՀ ներկայացուցիչը պետք է ղեկավարեր մինչև 2020թ. մայիս: Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌԴ ներկայացուցիչ Սեմերիկովը: Հենց նա էլ կշարունակի պաշտոնավարել մինչև հունվար: Այդ դեպքում ո՞րն է Հայաստանի կողմից քվոտայի պահպանումը:
Ավելին` եկող տարվա հունվարից կամ մայիսից կղեկավարի Բելառուսի ներկայացուցիչը: Դա բնական է, սակայն գոնե մեզ համար շատ վատ կլինի, եթե գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնի Ստանիսլավ Զասը. մարդ, որը սերտաճել է Ադրբեջանի քաղաքական ու գործարար շրջանակների հետ ու ՀԱՊԿ ԳՔ պաշտոնում անկասկած կգործի առնվազն ոչ մեր օգտին, մեծ հավանականությամբ՝ նաև մեր դեմ:
Գիտե՞ն արդյոք Հայաստանի հաղթանակի մասին փողփողող մարդիկ, որ Ստանիսլավ Զասը, որպես Բելառուսի ԱԱԽ քարտուղար, 2018թ. մարտի 1-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի հետ և ստորագրել Պոլոնեզ համակարգերի խմբաքանակը վաճառելու մասին: Քչերը նաև գիտեն, որ հենց Ստանիսլավ Զասն է Ադրբեջանի և Բելառուսի ռազմական համագործակցության կնքահայրը:
ՀՀ հաղթանակը կլինի, եթե հունվարին Ստանիսլավ Զասը չնշանակվի գլխավոր քարտուղար, այլ Բելառուսի մեկ այլ ներկայացուցիչ»: