Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները մտադիր են Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի ընթացքում Հայաստանի ազգային թիմի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմքով դիմակներ կրել: «Թվիթեր»-ի միկրոբլոգում այսպիսի առաջարկ է արել անգլիական թիմի ամենաակտիվ ֆան ակումբներից Canon Crested-ը՝ ի նշան Բաքվում Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ չտալու դեմ բողոքի:
«Եթե «Արսենալ»-ը Բաքու մեկնի առանց Մխիթարյանի, եկեք անենք հետևյալ քայլերը.
- Պատրաստել Մխիթարյանի դեմքով դիմակ:
- Դրանք բաժանել մարզադաշտում գտնվող 6 հազար երկրպագուներին:
- Կազմակերպել, որ խաղի 7-րդ ու 77-րդ րոպեներին այդ 6 հազար երկրպագուները միաժամանակ ոտքի կանգնեն»,- գրված է հայտարարությունում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:
«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:
Ավելի վաղ «Արսենալ»-ը հանդես էր եկել քննադատական հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այնորոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում: