Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր
Advertisement 1000 x 90

Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է շարունակական:

«Շատ լավ ավանդույթ է, որը դրվել է տարիներ առաջ ու այն պետք է շարունակվի և՛ հիմա, և՛ ապագայում, անկախ նրանից` ով է լինելու քաղաքապետը: Սա այն ծրագիրն է, որը չի կարող կանգ առնել: Սա ամենափոքրն է, ինչ կարող է համայնքն անել իր զինվորների ու նրանց ծնողների համար»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին կարևորելով ծրագիրը՝ ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին:

«Այս ծրագիրն ամրապնդում է ծնողի և զինծառայողի կապը: Զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանում է, տրամադրությունը բարձրանում է, իրենք հասկանում են, որ ուշադրության կենտրոնում են, կարոտը մի քիչ ավելի է պակասում»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Ուղևորության ընթացքում ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված բարձրակարգ ավտոբուսներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում կան նաև բուժաշխատողներ: