Հարգելի պարոն վարչապետ #Nikol #Pashinyan
Այո, շատերին հասկանալի չէ, թե ինչու՞ եք դատարանների մուտքը փակելու կոչ անում: Մարդիկ, առանց հասկանալու թե ինչու, ինչպե՞ս գնան դատարանի մուտք փակեն: Քաղաքացիները գնան դատարանների մուտքը փակեն և ի՞նչ պահանջեն: Ումի՞ց պահանջեն: Մեր ժողովրդին, այո, խամաճիկային դատարան պետք չի: Բայց մարդիկ ումի՞ց են պահանջելու, որ դատարանը խամաճիկային չլինի: Հենց դատարանի՞ց: Ինչպե՞ս կարող է խամաճիկը խամաճիկ չլինել: Քսանհինգ տարի աշխատել են, որ խամաճիկային դատարան ունենանք, և արդյունքի են հասել: Մեկ առ մեկ կադրեր են ընտրվել, փորձարկվել, օրենքներ են գրվել, փորձ են կուտակել, հիմա ինչպե՞ս այլ կերպ լինեն: Չեն կարող, այդ մարդիկ և այդ համակարգը «այլ կերպին» ծանոթ չեն, չգիտեն ինչպես ՛՛այլ կերպ՛՛ լինել:
Վերջ ի վերջո ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողով կա, որին հաշվետու է ԲԴԽ-ն, հաշվետվություն պահանջվե՞լ է նրանից՝ ի՞նչ և ինչպե՞ս են պատկերացնում դատական բարեփոխումը: Ազգային ժողովը գիտի՞ այդ մասին: Ինքն՝ Ազգային ժողովն ի՞նչ է պահանջում, պահանջում է խամաճիկ չլինե՞լ: Խամաճիկի՞ց: Սա լուրջ չէ, պարոն վարչապետ, սա լավ տրամաբանություն չէ: Սա տրամաբանության փակուղի է:
Դատարանի մուտքը փակելը փակուղի է, պարոն վարչապետ: Որևէ մեկը ստուգել-հաշվարկե՞լ է, թե քանի սխալ/հանցավոր դատական որոշում է կայացվել վերջին, ետհեղափոխական մեկ տարվա ընթացքում, ովքե՞ր են կայացրել, ո՞ր գործերի մասով են կայացրել: Դրան տեղյա՞կ է ԲԴԽ-ն, տեղյա՞կ է Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովը: Եթե այո՝ հանրությանն էլ ասեք՝ իմանանք, եթե ոչ՝ ի՞նչն է Ձեր պահանջը: Ասենք փակեցին դատարանները և դրանք չաշխատեցին: Վաղը բացելու եք, չէ՞: Բացելու եք, որ ի՞նչ անեն: Որ շարունակեն դատեր անել: Երեկվա, այսօրվա նման: Նույն դատերը: Որովհետև «ուրիշ դատ» անել չեն կարող: Սովոր չեն և չեն կարող:
Այդ տրամաբանությամբ ոչ թե մարդկանց պետք է ուղարկել դատարանի մուտք փակելու, այլ պետք է Ազգային ժողովը որոշի առհասարակ ընթացիկ բոլոր դատավարությունները հետաձգել՝ մինչև իրենք հասկանան, թե ինչպես պիտի կատարվեն դատական բարեփոխումները: Մինչև մոնիտորինգ անեն առնվազն վերջին տարվա դատավարությունների խախտումները, պարզեն այդ խախտումների բնույթը, առարկան, ձևը…Ժամանակ է պետք: Բայց գիտեք, որ դատական գործեր ունեցող շատերը չեն կարող սպասել, չեն ուզենալու սպասել՝ բանկերը, որոշ գործարարներ, մաքսային և հարկային ծառայություններ… Կալանքներ կան ֆինանսների վրա…և դրանց դեմ Դուք և ԱԺ-ն անզոր եք լինելու:
Եթե մեր հասարակությունը պահանջ ունի դատարաններից, այդ պահանջը օրինականությունն է: Դատվողների մի մասի պահանջը անօրինությունն է և նրանք արդեն համաձայնություններ ունեն դատարանների հետ: Չգիտեք, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս և ու՞մ միջև է ձևակերպվել օրինականության խախտումը: Դրանք բազմաթիվ են, բայց դրանց կարծեմ տեղյակ չէ Հայաստանի գործող իշխանությունը՝ Ազգային ժողովը և կառավարությունը: Չիմանալով՝ ինչպե՞ս է վերահաստատվելու օրինականությունը:
Դատարանի հարցը նոր չի հասունացել, պարոն վարչապետ, այն հասունացել է Հայաստանի Հանրապետության կենսագրության հետ, և մինչև «դատարանների հարց» կոչվածը չկոնկրետանա՝ դատարանի մուտքը փակելու Ձեր կոչը ուղղակի նվեր է լինելու դատական համակարգին:
Ազգագրագետ Հրանուշ խառատյանի ֆեյսբուքյան էջից: