Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարծում եմ, վերջին օրերի զարգացումների նկատմամբ իրատեսական ընկալումը, հարցերի ձևակերպումը ենթադրում է անհարմար ճշմարտությունը քողարկող բառերից հրաժարում.
1. Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար: Իրենցից է կախված լինելու, կկարողանան այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարժանանան լայն հանրության հավանությանը, թե կխորացնեն դժգոհությունները: Այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար: Քաղաքական անզիճում հակառակորդներից բացի այլևս չկա վարչապետի քաղաքական կամքին բաց և արդյունավետ դիմադրություն ցուցաբերող որևէ սուբյեկտ:
2. Հեղափոխական դիկտատուրայի այլընտրանքը Հայաստանում չկայացավ: Որպեսզի հեղափոխական դիկտատուրան չվերացվի սովորական դիկտատուրայի, կամ ամբողջությամբ չձախողվի, իշխանությունները պետք է կարողանան բարեփոխումների գործընթացում ներառել բոլոր առողջ ու կարող մարդկային ռեսուրսները, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները: Վերջիններս էլ չունեն ազնիվ այլընտրանք, քան ընդունել կառուցողական համագործակցության հրավերը:
3. Այն, որ Արփինե Հովհաննիսյանը նախագահ Արմեն Սարգսյանին փաստորեն առաջարկել է անմիջապես վերցնել երկրի կառավարման ղեկը և դժգոհել է վերջինիս մերժումից, վկայում է նախկինների մոտ իշխանափոխության օրակարգի արդիական դառնալու մասին: Արդյո՞ք, եթե այս պահին առավել լեգիտիմ տարբերակը չաշխատեց, այլ ճանապարհները առայժմ չեն դիտարկվում: Եթե այո, ե՞րբ և ինչպիսի՞ պայմաններում կարելի է սպասել հաջորդ փորձը: Եվ եթե ոչ, ո՞րն է մոտակա ժամանակ իրենց համար առավել գերադասելի երկրորդ սցենարը»: