«Դատական իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին». Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Դատական իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պնդումները, թե դատարանների դռները արգելափակելու գործողությունը հակաժողովրդավարական է ու հակասահմանադրական, սին են ու չհիմնավորված։ Ավելին՝ համանման պնդումներով հանդես եկող մարդիկ կա՛մ սահմանադրական մանիպուլյացիաներով են զբաղված կա՛մ էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում սահմանադրականությունն ու ժողովրդավարությունը։ Եկեք չհիմնավորված ձեռնաշարժությամբ չզբաղվենք ու հստակ արձանագրենք հետևյալը․ Ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը այդքան էլ նուրբ ու քնքուշ երևույթներ չեն։ Հաճախ դրանք նաև չափազանց կոշտ ու կոպիտ դրսևորումներ են ունենում, ինչպես օրինակ վաղը կամ էլ անցած տարվա հոկտեմբերին։

Առնվազն անտրամաբանական է, երբ գործադիրն ու օրենսդիրը պատկանում են ժողովրդին, իսկ դատական իշխանությունը՝ անհայտ ինչ-որ մեկին։ Եվ այսպես նպատակը մեկն է․ դատական իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, և վերջինս ունի համանման գործողության բոլոր իրավունքներն ու լիազորությունները։

Անհիմն է նաև այն պնդումը, թե դատական համակարգը պետք է բարեփոխվի ոչ թե հեղափոխական միջամտությամբ, այլ ինստիտուցիոնալ ռեֆորմների միջոցով։ Սա դասագրքային ճշմարտություն է, որը կիրառելի է դասական պետական-քաղաքական համակարգ ունեցող հանրույթներում։

Ներկայումս մենք ինստիտուտներ ստեղծելու ո՛չ ժամանակ և ո՛չ էլ ռեսուրսներ ունենք, մեզ օդ ու ջրի պես ներքաղաքական կայունություն է պետք, որը հնարավոր է միայն վստահելի ու լեգիտիմ դատական համակարգի միջոցով։ Իսկ կայունության բացակայությունը ամեն պահ կարող է փոխակերպվել մեծ պայթյունի։

Այսիպիսով ավելորդ արկածախնդրությունից ու կործանարար ճգնաժամից խուսափելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է վիրահատական միջամտությամբ մեկուսացնել և կանխարգելել հիվանդության տարածումն ու հետո նոր շարժվել աստիճանական ռեֆորմների ու ինստիտուտներ ստեղծելու ճանապարհով»։



Նման նյութեր