Մահացած երիտասարդը, ըստ որոշ տեղեկությունների, հիվանդ է եղել, մայրն անընդհատ նրա կողքին է եղել։
Գեղարքունիքի Արգիճի գետում հայտնաբերված Հ. Մ.–ի գլխին վնասվածքներ են եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30 տարեկան տղամարդը մոր հետ ապրում էր հենց Վերին գետաշեն գյուղում, հայրն էլ գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ խոսակցությունների՝ մահացածը տառապում էր նյարդաբանական հիվանդությամբ, ուստի մայրն անընդհատ նրա կողքին էր լինում։
Երեկ մայրը որոշ ժամանակով բացակայել է տնից, իսկ վերադարձին տեսել է, որ տղան չկա։ Տեղեկացրել է հարազատներին ու գյուղացիներին, որոնք սկսել են որոնել որդուն։
Մի քանի ժամ տևած որոնումներից հետո ազգականներից մեկը դին գտել է Արգիճի գետում։
Նախնական վարկածով՝ տղան ընկել է վարար գետը, կա՛մ խեղդվել, կա՛մ մահացել գլխով քարերին հարվածելու հետևանքով։ Այս հանգամանքները վերջնականապես կպարզվեն դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո։