Ինձ չեն քաշքշել, ոչ էլ հայհոյանքներ են հնչեցրել: Անդրադառնալով Կասկադում երեկ իր հետ տեղի ունեցած միջադեպին՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը։
«Իմ երեխաների հետ նստած էի, իրենք մոտեցան և ասացին՝ «բախտդ բերեց՝ էսօր էրեխեքի հետ ես»: Նման արտահայտություն թույլ տվեցին: Միայն դա չէր, մի քանի նմանատիպ արտահայտություններ արեցին»,- հայտնեց նա:
Հարցին՝ ովքե՞ր են եղել իր վրա հարձակվողները, Արթուր Իսպիրյանն ասաց՝ այնտեղ տեսախցիկները նկարել են, բոլորն էլ գիտեն՝ ով է. «Արթուր է անունը, ես ազգանունը չգիտեմ։ Իրենց բոլորն էլ ճանաչում են»։
Ավագանու անդամը միջադեպի վերաբերյալ բացատրություն է տվել ոստիկանությունում:
Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե մի խումբ անձինք «Կասկադ»-ի տարածքում մոտեցել են երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանությունից տեղեկացրել էին նաև, որ ճշտվել է Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Blognews.am կայքի խմբագիր, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը հայտարարել էր, որ Ոստիկանության 4 հոգանոց խումբն այսօր՝ մայիսի 21-ին, այցելել է «Ադեկվադ» հասարակական կազմակերպության գրասենյակ: Նրա խոսքով՝ Ոստիկանության աշխատակիցները «Ադեկվադ» ՀԿ համահիմնադիր Արթուր Դանիելյանին էին որոնում, որպեսզի վերջինիս ծանուցագիր հանձնեին: