Մայիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գրավոր ծանուցում է ներկայացրել դատարանի կայացրած 59 վճիռների և որոշումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը:
Հրապարակված 59 որոշումների շարքում նաև եղել է «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
Այդ գործով հայցվորը ՀՀ քաղաքացի, Մարմարաշենի բնակիչ, 1954թ. ծնված Ռոբերտ Միրզոյանն է:
Հայցվորի տղային՝ Գեղամ Սերգոյանին, 2007թ. Արցախում պարտադիր զինվորական ծառայությունն անցնելու ընթացքում սպաներից մեկը կրակել է, որի հետևանքով նա մահացել է: Սպան ընդունել է իր հանցանքն ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Առաջին ատյանի դատարանը մերժել էր բարոյական վնասի փոխհատուցման՝ Միրզոյանի ներկայացրած պահանջը: Հայցվորի կողմից Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններին ներկայացված հայցերը նույնպես մերժվել էին: Միրզոյանը դիմել էր ՄԻԵԴ-ին:
ՄԻԵԴ-ը որոշել է բավարարել «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով ներկայացված պահանջը: Հայաստանը պետք է Միրզոյանին ոչ նյութական վնասի համար 15000 եվրո փոխհատուցի: