ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժին մայիսի 24-ին՝ ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, ՀՀ ոստիկանությունից, ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։
Նախնական տվյալներով Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված քրոջ որդուն։ 25-ամյա երիտասարդը դիմադրել է, ինչի արդյունքում քեռին հեռացել է։
Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանության ծառայողներն անհապաղ որոնողական միջոցառումներ են ձեռնարկել կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց տան նկուղում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դին։ Նա ինքնասպանություն է գործել՝ առաստաղից կախվելով։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։