Արարատի ոստիկանները հայտնաբերել են նախկին կնոջը դանակահարած տղամարդուն
Advertisement 1000 x 90

Արարատի ոստիկանները հայտնաբերել են նախկին կնոջը դանակահարած տղամարդուն

Մայիսի 17-ի վաղ առավոտյան «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արարատ քաղաքում ապրող 38-ամյա մի կին։ Ախտորոշվել է կրծքավանադակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ներքին արնահոսություն։ Անհետաձգելի բուժօգնությունից հետո տուժողը տեղափոխվեց Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ստացիոնար բուժման։

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը։ Կինը հիվանդանոց էր տեղափոխվել բանավան թաղամասից։ Նրա տանը հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնանման հետքերով խոհանոցային դանակ և այլն։ Քրեական հետախույզները կարճ ժամանակում պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված կինը հյուրընկալել էր նախկին ամուսնուն, որի հետ կերել-խմել էին։ Ընթացքում վեճ էր ծագել, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Նա կատարվածի մասին դժվարությամբ հայտնել էր հարևաններին, որոնք էլ ահազանգել էին 1-03։

Արարատի ոստիկանները նույն օպերատիվությամբ հայտնաբերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 42-ամյա տղամարդուն, որը բերման ենթարկվեց բաժին, ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվեց, նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։

Կատարվածից հինգ օր անց՝ մայիսի 21-ին, դանակահարված կինը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: