Հայկական երկաթուղին. հարկատուների հաշվին հատուցվող վնասներ և քրեական գործ. hetq.am
Advertisement 1000 x 90

Հայկական երկաթուղին. հարկատուների հաշվին հատուցվող վնասներ և քրեական գործ. hetq.am

Այս ուսումնասիրությունը նախաձեռնեցինք, որպեսզի պարզենք, թե ինչ ֆինանսական դրության մեջ է գտնվում հայկական երկաթուղին, քանի որ տարիներ շարունակ հարկատուների միջոցների հաշվին ՀՀ կառավարությունը վնասի փոխհատուցում է տրամադրում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը: Ֆինանսական ուսումնասիրության համար անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ստանալու նպատակով դիմեցինք վերջինիս, այնուհետ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Ֆինանսական հաշվետվություններ չկարողացանք ձեռբ բերել, նախարարությունից ստացանք միայն տեղեկանք, որում առկա տեղեկատվությունը օգտագործել ենք հետևյալ հոդվածը գրելիս (Ֆինանսական հաշվետվությունները «Հետքին» չտրամադրելու նախարարության բացատրությունը ներկայացնում ենք հոդվածի վերջում): Միաժամանակ, դիմեցինք նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը, որից ստացանք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին առ այսօր վճարված և վերջինիցս պետական ու համայնքային բյուջեներ վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվություն:

Կոնցեսիոն և շարժակազմի առուվաճառքի պայմանագրեր

Հայկական երկաթուղու համակարգը 2008 թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն 30 տարի ժամկետով (10 տարի երկարացման իրավունքով) կառավարման տրվեց «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:

Համաձայն այս պայմանագրի Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ` Կոնցեսիոներ) հետ կնքել շարժակազմի առուվաճառքի պայմանագիր: Վերջինս, ըստ կոնցեսիոն պայմանագրի, Հայաստանի Հանրապետությանը պետք է վճարեր հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլված շարժակազմի մնացորդային արժեքն առուվաճառքի պայմանագրի կնքման պահի դրությամբ: Ի լրումն սրա, Կոնցեսիոները պարտավորվում է վճարել կոնցեսիայի մուտքի միանվագ վճար 1,700,000,000 (մեկ միլիարդ յոթ հարյուր միլիոն) դրամ պայմանագրի կնքման պահից երեսուն օրվա ընթացքում:

Ֆինանսների նախարարությունից ստացված տվյալները հավաստում են, որ 2008 թվականի ապրիլի 8-ին պետական բյուջե մուտք է եղել վերոնշյալ 1,7 միլիարդ դրամը «Ուսումնասիրության լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճար» հաշվի ներքո: Միաժամանակ, նշված աղբյուրը ցույց է տալիս, որ 2008 թվականի հունիսի 27-ին պետական բյուջե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից մուտք է եղել շուրջ 849 միլիոն դրամ (849,167,103.00 դրամ) հետևյալ հաշվի ներքո` «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր»: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ 2008 թվականին հայկական երկաթուղու ամբողջ համակարգի շարժակազմի մնացորդային արժեքը գնահատվել է ընդամենը 849.2 միլիոն դրամ:

Ամբողջությամբ՝ hetq.am