Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով ստեղծվելիք Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը եղած որոշ մտահոգությունների հետ կապված ճշգրտումներ կկատարի: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դեպքերի ժամանակ կային շատ հարցեր, որոշ մտահոգություններ, և դրանց հետ կապված մենք պետք է ստուգենք և ճշտենք ամեն ինչ, որպեսզի երբեք Հայաստանում նախադեպ չլինի»,-ասաց Սիմոնյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի ազատ և ժողովրդավար երկիր է, և Հայաստանում չքննվող հարց գոյություն չունի: «Եվ հարցերը քննելիս հետապնդում ենք մի նպատակ՝ թույլ չտալ, որ զինվորը կանգնած լինի սահմանում և փամփուշտ չունենա»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, իսկ Ադրբեջանը սովոր է թաքցնել ամեն բան:
ԱԺ նախագահը նշեց՝ այդ հարցը քաղաքական իրավիճակի հետ կապելը ճիշտ չի լինի:
Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի կազմին՝ նշեց, կմասնակցեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամները: Սիմոնյանը բանակում ծառայել է, և եթե իրեն էլ առաջարկեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, կմասնակցի: