Արհեստական ինտելեկտը որպես տեխնոլոգիա ինքնին սպառնալիք չի ներկայացնում, վտանգը կապված Է այն բանի հետ, թե ինչպես մարդը կօգտագործի ստեղծվող տեխնոլոգիաները: Այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի Ելի համալսարանի ԿենսաԷթիկայի միջդիսցիպլինար կենտրոնի պրոֆեսոր Վենդել Վալլահը:
«Բանն այն չԷ, որ արհեստական ինտելեկտը, որը մենք կստեղծենք հաջորդ 20 տարում, ինչ-որ վախեցնող բան Է ներկայացնում: Երբեմն վախեցնում Է մարդն ինքը եւ այն, թե նա ինչպես կօգտագործի ստեղծված տեխնոլոգիաները»,-ասել Է Վալլահը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, որը տեղի Է ունեցել արհեստական ինտելեկտին նվիրված համաժողովի շրջանակներում, որը կազմակերպվել Է «Ռայհե» վերլուծական կենտրոնի կողմից: Նա նշել Է, որ տեխնոլոգիաները կարող են վտանգավոր դառնալ, եթե որեւԷ մեկը ցանկանա դրանք օգտագործել մարդկանց վարքագծի եւ զգացմունքների մանիպուլյացիայի համար:
«Մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք ունենանք այնպիսի սենսորներ , որոնք գիտեն, թե դուք երբ եք վախ կամ խոցելիություն զգում… Ինձ համար վախեցնողն արհեստական ինտելեկտի օգտագործումն Է լրտեսելու նպատակով: Բացի այդ, ինչ կլինի, եթե արհեստական ինտելեկտը վերահսկի մահաբեր զենքը: Դա շատ վախենալու Է, բայց մենք այդ ամենն անելու կարիքը չունենք»,-ասել Է Վալլահը:
Դրա հետ մեկտեղ նա թերահավատորեն Է տրամադրված այն բանի նկատմամբ, թե գիտնականները որքան արագ կկարողանան ստեղծել մարդկային ուղեղին նմանվող ինչ-որ մի բան, դրա համար խոչընդոտ կարող են դառնալ նաեւ Էթիկայի հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: