Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»,-նշելէ Էդգար Ջանոյանը:
Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ «Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ մարդիկ ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։
Դեպքի հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ դատապարտելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածման փաստը:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության և միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում և սկզբունքներում, այլև իրավական պետություն կառուցելու մեր մտածողության և պատկերացումների մեջ: Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ Սամվել Բաբայանի գրասենյակին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: