«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք, իհարկե, կարող ենք ֆեյսբուքի հայկական հատվածին լուրջ չվերաբերվել, բայց այն միշտ որոշակի առումով հանրային տրամադրությունների կատալիզատորի դեր ա ունեցել։ Առաջ մի օրինաչափություն կար, երբ ինչ-որ բուռն քաղաքական իրադարձություններից հետո ֆեյսբուքը պասիվացել ա, բացարձակ անտարբերություն դրսևորել նույնիսկ ամենակարևոր, իրապես քաղաքական իրադարձություններին։ Էդ պասիվ շրջանում որոշակի էներգիա ա կուտակվել, որը դուրս ա հորդել մի տարվա ընթացքում։ Իմ դիտարկումները 2012-ից են։ Այսպես, 2012-ին Մաշտոցի պուրակն էր։ 2013-ին՝ նախագահական ընտրությունների բողոքարկումը, որն ավարտվեց ֆրուստրացիայով, բայց փոխարենը էներգիան լցվեց հանրային տրանսպորտի սակագների դեմ բողոքի մեջ։ 2014-ը վերաիմաստավորման տարի էր։ 2015-ը՝ Էլեկտրիկ Երևանի ժամանակն էր, 2016-ը՝ ՊՊԾ գնդի գրավման։ 2017-ն, էլի, դուրս մնաց ընդհանուր տրամաբանությունից, ինչն, իհարկե, կարելի ա որևէ կերպ մեկնաբանել։ Փոխարենը 2018-ին էներգիան էնքան էր կուտակվել, որ վերաճեց բոլորիս հայտնի դեպքերի։ Ընդ որում, նկարագրած ապատիան խաթարելուն ուղղված, գոլորշին դուրս թողնելու քայլերն էլ չէին խանգարում իրական էներգիայի կուտակմանը։ Այսինքն՝ անհնար ա եղել դեռ չկուտակված էներգիան դուրս թողնել կամ արդեն կուտակվածն օգտագործել այլ նպատակներով։
Հիմա նույն զգացողությունը կա՝ մարդիկ հոգնում են ՖԲ-յան ցեխշպրտոցիներից, որոշները ապաակտիվանում են, որոշները նվազեցնում են իրենց մասնակցությունը, հաճախ չեն գրում, պասիվներն ընդհանրապես անտեսանելի են դառնում։ Առաջ անհամբեր սպասում էի էն պահին, երբ կուտակված էներգիան դուրս կհորդի՝ վստահ, որ այն իրական խնդիրների շուրջ ա մոբիլիզացնելու մարդկանց (մնում էր միայն հարցերը ճիշտ ձևակերպվեին, ինչը չէր արվում)։ Հետաքրքիր ա, թե հիմա՛ ոնց ա դա դրսևորվելու, ինչքան ա տևելու ու ինչի ա հանգեցնելու ։) Իմ կարծիքով, հետհաշվարկը սկսված ա, ՖԲ-ի հայկական տիրույթը դա ա հուշում»։