Կեղծ տոների երկիր Հայաստանը
Advertisement 1000 x 90

Կեղծ տոների երկիր Հայաստանը

Տոկիոյում այսօր չեն փակել իրենց գլխավոր փողոցը, նույնը չեն արել Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Մանչեսթրում, Փարիզում եւ Մարսելում: Իրենց գլխավոր փողոցներից եւ ոչ մեկը չեն փակել եւ այս ու այնտեղ երեխաներին չեն երգացրել եւ պարացրել Հռոմում, Նեապոլում, Օտտավայում եւ Մոնրեալում:

Եւ հիմա շատ հանգիստ կարող եք հայտարարել, որ Հայաստանն այն եզակի երկրներից մեկն է, որտեղ ամենաշատն են սիրում երեխաներին եւ ամեն ինչ անում երեխաների երջանիկ եւ առողջ մանկության համար:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այսօրվա իրարանցումը, այսօրվա թվացյալ ուրախ, բայց իրականում միայն տխուր մտորումներ առաջացնող միջոցառումները հուշում են միայն այն մասին, որ մեր հասարակությունը զարգացման ամենացածր մակարդակի վրա է գտնվում:

Երեխաների տոնը պետք է ամեն օր լինի, իսկ դրա համար մեծերը՝ ծնողները, կառավարությունը, համայնքապետարանները պետք է ամեն ինչ անեն, որ երեխաները նորմալ դպրոցներում սովորեն, ունենան նորմալ ուսուցիչներ, որ երեխաների ծնողներն ունենան արժանապատիվ աշխատանք եւ արժանապատիվ աշխատավարձ, որ…

Իսկ քանի դեռ այս մակարդակի եւ այս կարգի տոներ ենք նշում, ապա պետք է ընդունենք, որ մենք ապրում ենք մի երկրում, որն ունի շատ-շատ խնդիրներ, որոնցից ամենագլխավորը իշխանությունների մտածողությունն է: Լուրջ խնդիր է նաեւ ծնողների մտածողությունը, որոնք կարծես իրենց պարտավորված են զգում երեխաներին կենդանաբանական այգի կամ զբոսայգի տանել հենց հունիսի 1-ին:

Ամեն ինչ արեք, որ ձեր երեխաների համար տոն լինի յուրաքանչյուր օրը: Մի ծուլացեք, տեսեք, թե ինչպես են այս տոնը նշում աշխարհի տարբեր երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ կենսամակարդակը բարձր է, եւ որտեղ ժողովրդավարությունը վաղուց ամուր հիմքերի վրա է: տեսեք, եւ դրանից հետո տեսեք ինչ եք մտածում այն ամենի մասին ինչ անում ենք մենք հունիսի 1-ին:

Top-News.am