Չինական ընկերությունն այլևս չի կարողանա օգտագործել սարքերում microSD հիշողության ստանդարտ չիպերը:
SD Card Association-ը բացառել է Huawei-ին իր գործընկերների ցանկից՝ Միացյալ Նահանգներում կիրառված պատժամիջոցների պատճառով, հայտնում է Gizchina-ն:
Այս որոշումը հաստատող պաշտոնական փաստաթղթեր դեռևս չկան: Այս օրերին չինական ընկերության անվանումը հանվել է կազմակերպության կայքից:
Ստացվում է, որ չինական ընկերությունն այլևս չի կարողանա օգտագործել SD քարտերն իր սարքերում։ Սա տհաճ անակնկալ է Huawei սմարթֆոնների սիրահարների համար, քանի որ SD քարտերն ընդունված ձևաչափ է գրեթե բոլոր սմարթֆոնների համար, և հենց դրանք են ապահովում սմարթֆոնի լրացուցիչ հիշողությունը:
Սակայն մեկ տարի առաջ Huawei ն ներկայացրեց իր Nano Memory հիշողության քարտը: Ինչպես իր սեփական OS-ի և հավելվածների օնլայն խանութի դեպքում, այնպես էլ այս դեպքում չինական ընկերությունը պատրաստ է ԱՄՆ-ի սահմափակումներին: Ստացվում է, որ այդ սահմանափակումները նախապես հայտնի էին ընկերությանը, և նրանք պատրաստվում են մեկ տարուց ավելի:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Huawei-ի նկատմամբ՝ մեղադրելով ընկերությանն իրենց ազգային անվտանգությանը սպառնալու համար: Դրանից հետո Google, Microsoft և Qualcomm խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները ստիպված էին դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ:
ԱՄՆ-ի՝ չինական ընկերության հետ համագործակցության արգելքը պաշտոնապես կգործի 2019 թվականի օգոստոսի 19-ից:
Սիրարփի Աղաբաբյան