SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։
Ժամը 19։20-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի միջին երրորդականի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Արտանիշ գյուղի բնակիչ՝ 9-ամյա Ա. Գ.-ն է, ով վնասվածքը ստացել է հրացանից արձակած կրակոցի հետևանքով։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Ա. Գ.-ն իրենց տան բակում «Բայկալ» տիպի օդամղիչ հրացանից կրակոցներ է արձակել թիրախի վրա։
Դա տեսնելով՝ նրա մայրը՝ Գ. Աղաջանյանը, լիցքավորված հրացանը վերցրել է երեխայի ձեռքից և ուղղություն վերցրել թիրախի մոտ՝ ուսումնասիրելու այն, և մայրը, չիմանալով, որ հրացանը վերալիցքավորված է, պատահաբար քաշել է ձգանը, ինչի հետևանքով հնչել է կրակոց, և որդին ստացել է վնասվածք։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրն աշխատում է Արտանիշի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: