ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվառում է ոստիկանության ծառայողական մեքենաները: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` պատասխանելով պատգամավոր Ռուբեն Ստեփանյանի հարցին:
«Ճանապարհային ոստիկանությունը տեխնիկապես ապահովված է։ Արդյո՞ք օպերատիվ ծառայության աշխատակիցները ապահովված են տեխնիկայով»,-հարցրեց պատգամավորն ու հետաքրքրվեց նաև նրանց աշխատավարձով:
«Ավտոմեքենաների մասով իմ հրամանով ստեղծված է հանձնաժողով: Հաշվառում ենք իրականացնում մեքենաների նպատակահարմար լինել-չլինելը: Կարծում եմ, որ դա դրական արդյունք կտա: Եվ չի բացառվում, որ մենք հաշվարկն իրականացնելուց հետո որոշ չափով փոխանցենք օպերատիվ ծառայողներին»,-ասաց ոստիկանապետը:
Օսիպյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլից իր հրամանով գործում է այն մոտեցումը, որ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման դեպքում անձի կյանքը փրկելու և այլ դեպքերում տրվի հավելյալ պարգևավճար: Նա նշեց` ունեն օպերատիվ ծառայող, որը բացի իր ամսական աշխատավարձից, բացահայտումներով վաստակել է 1մլն 600 հազար դրամ: