Հունիսի 5-ի երեկոյան, ժամը 21․00-ի սահմաններում Երևանում գտնվող «Terazza» ռեստորանում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները երեկ գրել էին, որ նշյալ ռեստորանում ռուս գործարարների և ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի միջև ծեծկռտուք է եղել:
Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս ծեծկռտուքում ներգրավված է եղել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմներից Արթուր Վարսանյանը: Մասնավորապես, Վարսանյանը, որը «Terazza» ռեստորանի մշտական հաճախորդներից է, երեկ երեկոյան ևս եղել է այդ ռեստորանում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։ Նույն ռեստորան է մտել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, որն անցել է Վարսանյանի և նրա ընկերների կողքով՝ չբարևելով վերջիններիս:
Վեճը ծագել է հենց այս պատճառով։ Գործարարներից մեկն Արտակ Սարգսյանին է դիմել, թե ինչո՞ւ չի բարևում: Սարգսյանն ասել է, թե չի նկատել, ինչին ի պատասխան՝ գործարարը հեգնել է թե՝ ակնոց կրի, Արտակ Սարգսյանն էլ հակադարձել է թե՝ ինքդ կրի։ Այս պատասխանից հետո գործարարը վեր է ցատկել և Արտակ Սարգսյանի դեմքին ուժգին հարված հասցրել, ինչից հետո Արտակ Սարգսյանը մոտակայքում առկա բաժակով պատասխան հարված է հասցրել։
Դրանից հետո արդեն իրադարձությունները զարգացել են շատ արագ․ սեղան են շուռ տվել, սպասք կոտրել՝ հաճախորդների ներկայությամբ, որոնց թվում նաև կանայք են եղել: Բանը հասել է նրան, որ Արտակ Սարգսյանը արյունլվա դեմքով հայտնվել է հատակին: Factor.am-ի աղբյուրը փոխանցեց, որ նախկին պատգամավորին հատակին գտնվելու ընթացքում բազմաթիվ հարվածներ է հասցրել նաև Արթուր Վարսանյանը: Մենք կապ հաստատեցինք Արթուր Վարսանյանի հետ, որը կտրականապես հերքեց իր մասնակցությունը ծեծկռտուքը։
«Երևի սխալվում եք, նման բան չէր կարող լիներ: Արտակ Սարգսյանն այդ ՍԱՍ-ի՞ Արտակն է: Բացարձակ գործ չունեմ»,- վստահեցրեց նա: Արթուր Վարսանյանը հերքեց նաև իր և Արթուր Վանեցյանի ազգակցական կապի կամ մտերմության մասին տեղեկությունը: Սակայն, երբ հարցրինք, թե երեկ երեկոյան որտեղ է եղել, Վարսանյանը լարվեց. «Արդեն սկսում եք ինձ հարցաքննե՞լ: Տանն եմ եղել»:
Դեպքի շրջանակներում մի խումբ անձինք են հարցաքննվել: Այդ թվում Արտակ Սարգսյանն ու «Terazza» ռեստորանի բազմաթիվ աշխատակիցներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Factor.am-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց Արտակ Սարգսյանին հարցաքննելու մասին մեր տեղեկությունը: «Մարդիկ են հրավիրվել, հարցաքննվել են, հիմա հանգամանքները պարզվում են: Հրապարակելու այլ մանրամասներ չկան»,- ասաց նա:
Ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արտակ Սարգսյանը հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե միջադեպի հետ կապ չունի:
Մեր տեղեկություններով՝ ծեծկռտուքի կողմերի միջև երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարվածի հետ կապված խուսափել իրավապահներին դիմելուց։
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am