ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է, այս խնդրով նա հարցերով դիմել է արդարադատության նախարարին: Գրիգորյանը հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել և ստանալ որևէ տեսակի բուժօգնություն: ՄԻՊ Արման Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու առաջի պահից սկսած, երբ փաստաբանից ստացանք տեղեկատվություն, հարցը եղել է մեր ուշադրության ներքո: Մեր աշխատակիցներն իրականցրել են պարբերական այցեր: Ես ինքս խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակներն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ հարցերը պարզելն է: Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով: Նա հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ իր ներկայացուցիչները հենց երեկ այցելել են Գրիգորյանին:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարին այսօր ուղղված նամակում հարցեր է առաջադրել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան` որոնք են: Թաթոյանը նշեց, որ եթե չկան, ապա պետք է քննարկել պատշաճ բուժօգնության տրամադրման հարցը:
ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանին հետազոտել է իր նախընտրած բժիշկը: Եվ եզրակացության հետ կապված հարցեր են առաջադրել, սպասում են պատասխանների:
ԱԺ-ի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: