««Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի։
Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ երբ ինչ-որ լուրջ հանցանք է կատարվում, հանցանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերելու համար ինչ-որ հատկանիշներով օժտված մարդկանց ու ավտոմեքենաներն ինչ-որ տարածքում «ընդհանրական» ստուգման են ենթարկում։
Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ ինչ-որ «բարձր ռիսկայնության» օրերին ոստիկանությունը առավել լուրջ հսկողություն իրականացնի։ Օրինակ՝ Վերջին զանգ, Ամանոր, կարևոր ֆուտբոլային խաղ։
Այո՛, իրավաչափ է և տրամաբանական, որ, օրինակ, հանցավորության աճով պայմանավորված՝ Ոստիկանությունը հայտարարի հասարակարգի ապահովման քաղաքականությունը խստացնելու մասին։ Այդ դեպքում Ոստիկանական անձնակազմն է մեծացվում, տեխնիկական հագեցվածությունն է բարելավվում և այլն։
Բայց ամենևին հասկանալի չէ, երբ Գործադիրի ղեկավարը ինչ-որ անհասկանալի, բայց ակնհայտ քաղաքական պատճառով ոստիկանությանը փաստացի հրահանգում է «ռեյդ» իրականացնել, մենք էլ հեռուստաէկրաններին տեսնում ենք «ասֆալտին փռված» ինչ-որ մարդկանց։ Ինչքանո՞վ է ախր դա լուրջ։ Ինչքանո՞վ է դա իրավաչափ»,- իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը։