Գիշերը հրկիզել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու ավտոմեքենան. Կա վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գիշերը հրկիզել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու ավտոմեքենան. Կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ: Ռ. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Վարդան Մովսիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները եւ ում կողմից էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ.օր-ի 108 հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի եւ կատարողը կամ կատարողները ըստ տեղեկությունների բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա եւ այրել դուռը, կրակը տարածվել է նաեւ տան ներսում, եւ շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարևանի և տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։ Ու եթե հարևանն ու Հարությունը ճիշտ չկողմնորոշվեին և ճիշտ չգործեին, ապա չէր բացառվի, որ դեպքը ողբերգական ավարտ կունենար, մինչդեռ նման բան, երբ տանը քնած բնակիչների տունն են հրկիզում, այդ ձևով առաջնորդվում էին թուրքերը։

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս պահին դեպքի լրացուցիչ զննություն են կատարում քննիչները և փորձագիտական կենտրոնի մի քանի փորձագետներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com