Հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու այգում. թափքը կողաշրջվել է: ԶԻԼ-ը բարձած է եղել ավազով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ում եղել են Կորեայի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որպես զբոսաշրջիկ մեկնում էին Գեղարդ ու մինչ վթարի վայրում ՃՈ հետաքննիչ Ա. Ավետսիյանը տեղազննություն էր կատարում, Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած զբոսաշրջիկների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: