Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, սույն թվականի մայիսին բավարարել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի եւ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջեւ 07.07.2017թ. կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայամանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն (Սուրիկ Խաչատրյանը,-հեղ.) պարտավորվել է մինչեւ 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը եւ տարեկան 10% վճարել դրանից:
Ըստ այդմ՝ վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, 07.07.2017թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Ամբողջությամբ՝ armtimes.com